Մենք խաղաղություն չենք խնդրում, այլ առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան
1 րոպեի ընթերցում
Հայաստանի իշխանությունը խաղաղություն չի խնդրում, այլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգային բոլոր հարցերին առաջարկում է խաղաղ լուծումներ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգային բոլոր հարցերին Հայաստանն առաջարկել է լուծումներ։ Օրինակներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման է, և Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականն է։ Բացի դրանից, լուծումներ ենք առաջարկում բոլոր հարցերի՝ և խաղաղության պայմանագրի, և սահմանազատման, և մնացած այլ հարցերի վերաբերյալ։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ։ Խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Գրիգորյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերի մասին հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը դրանց վերաբերյալ առաջարկություններ արդեն ուղարկել է և սպասում է Բաքվի արձագանքին։