Երևանի քաղաքապետարանը փոփոխում է ուղեվարձի փաթեթները
3 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանը առաջիկա ավագանու նիստի ընթացքում փոփոխություններ կատարելու նպատակով կքննարկի միասնական տոմսային փաթեթների սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Սիրելի՛ երևանցիներ,
վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել ենք։ Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։
Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։
Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները.
10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն»,- նշված է գրառման մեջ:
Գրառման մեջ նաև հիշեցվում է, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները.
30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։
«Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- եզրափակել է Երևանի քաղաքապետը: