Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության կարևոր բաղադրիչ է համարում տնտեսությունը

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության կարևոր բաղադրիչ է համարում տնտեսությունը

Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ինտենսիվության պահպանումը բոլոր մակարդակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նախ հայտնեց, որ այս այցը պատրաստվել է շուրջ երեք ամիս և տեխնիկական պատճառներով անընդհատ հետաձգվում էր: Նա հայտարարեց, որ հաճույքով կսպասի ռուսաստանցի գործընկերոջ այցին Երևան: 

Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ այսօրվա հանդիպումն անցավ իրապես անկեղծ և կառուցողական մթնոլորտում: 

«Քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն և բազմակողմանի էր: Դիտարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր և, բնականաբար, անդրադարձանք Հարավային Կովկասում խաղաղության թեմային: 

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում նշվեց բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-երի միջև, քաղաքական երկխոսության ինտենսիվության պահպանման կարևորությունը և փոխշահավետ համագործակցության շարունակումը տարբեր ոլորտային ուղղություններով: Նշելով ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անհրաժեշտությունը՝ մենք քննարկեցինք նաև մեդիաոլորտում ստեղծված իրավիճակը և ավելի նպաստավոր տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները»,- ասաց Արարատ Միրզոյանը: 

Նրա խոսքով՝ դրական միտում է արձանագրվել հայ-ռուսական հումանիտար երկխոսության ուղղությամբ: Նախարարն ասաց, որ ի թիվս այլ միջոցառումների, այս տարի Ռուսաստանում նախատեսվում է անցկացնել «Հայաստանի մշակույթի օրեր»:

«Իհարկե, մեր համագործակցության կարևոր բաղադրիչ է տնտեսությունը: Այստեղ, ինչպես ասում են, թվերն իրենք են խոսում իրենց փոխարեն: Գիտեք, որ դեկտեմբերին տեղի է ունեցել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հայաստանի համար առևտրատնտեսական շրջանառությունը (նաև ԵԱՏՄ շրջանակներում) մնում է տնտեսական աճին անդրադարձող և արտաքին առևտրական ներուժի իրացման գործոններից մեկը: Այս համատեքստում, կուզենայի նշել անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետությանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի շնորհումը՝ Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում»,- նշեց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում