Արվեստագետը ոչ միայն արվեստից, այլև կյանքից է սնվում. Ազգային տիկնիկային թատրոնը հետաքրքիր նորություններով կներկայանա

10 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը 2024-ին հանդիսատեսին ներկայացել է հետաքրքիր առաջնախաղերով, մասնակցել է տարբեր փառատոնների՝ արժանանալով մրցանակների, շրջագայել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Թատրոնին հաջողվում է մշտապես լինել տարբեր տարիքի թատերասերների ուշադրության կենտրոնում, քանի որ բեմադրվում են և՛ մանկական, և՛ մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ, և ռեժիսորներին հնարավորություն է տրվում իրականացնել իրենց անգամ ամենաանհավանական գաղափարները։ Թատրոնն անակնկալներ  է խոստանում նաև 2025-ին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է՝ ուշագրավ է եղել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պլաստիկ ներկայացումը, որի ռեժիսորը Նադիա Իսրայելյանն է։ Դա նրա առաջին ներկայացումն էր տիկնիկայինում։ Բաբայանը կարծում է՝ Իսրայելյանը կշարունակի իրենց հետ համագործակցել և կմտածի Հանս Քրիստիան Անդերսենի «Սոխակը» հեքիաթը բեմադրելու մասին։ 

Մարիետա Դովլաթբեկյանի «Բուկովսկի» ներկայացումն ակտիվ մասնակցել է միջազգային փառատոնների։ Այն խաղացել են Լեհաստանում, Կանադայում, Իտալիայում և այլ երկրներում, նվաճել են գլխավոր մրցանակներ։ «Այս ներկայացումը շատ թատերական է, շատ անհատական է, և յուրաքանչյուր հանդիսատես իրենն է տանում այդ գործից, այն շատ մարդկային է, մարդասիրական ու նորարարական է։ Այդ ամենի շնորհիվ այն բազմաթիվ փառատոնների է հրավիրվում, և բոլոր ազգերն են այն հասկանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է՝ եթե գործը բարձրարժեք է, ապա այն ընդունում են բոլորը։ Ըստ իս՝ նաև հրաշալի համաձուլում է տիկնիկի և մարդու, հրաշալի դերասանական խաղ է, փայլուն ռեժիսուրա կա։ Շատ սուղ միջոցներով գեղեցիկ հեքիաթ է ստեղծվել։ Իմ ուսուցիչը՝ հանճարեղ ռեժիսոր Անատոլի Էֆրոսն ասում էր՝ ներկայացումը պետք է թռչի, օդ բարձրանա։ «Բուկովսկի»-ն այդպիսի ներկայացում է. թվում է՝ այն ամպերի մեջ է։  Այդ ներկայացման վերաբերյալ միայն մի քննդատություն ենք լսում, որ կարճ է տևում»,-ընդգծում է Բաբայանը։

Թատրոնը մեծ հյուրախաղերով ներկայացել է Չինաստանում։ Մի քանի քաղաքում խաղացել են Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը»  ստվերային ներկայացումը։ 2025-ին կրկին մեկնելու են Չինաստան։ Այդ առթիվ մեծ ստվերային ներկայացում են պատրաստելու։ Բեմադրվելու է «Գուլիվեր»-ը։

2024-ին նշվում էր դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի տիկնիկային թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանի 100-ամյա հոբելյանը, որի առթիվ թատրոնի դիմաց կանգնեցվեց վարպետի արձանը։ Հոբելյանին Ռուբեն Բաբայանը բեմադրել է Մանարյանի «Առյուծն ու խաղալիքը» պիեսի համանուն ներկայացումը, որը երաժշտական է, հարուստ է կրկեսային տարրերով։ Մանարյանին նվիրված ցուցահանդես են բացել, նամականիշ մարել։ Չեն մոռացել նաև թատրոնի երկարամյա ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մարուխյանի 90-ամյակի մասին և խաղացել են նրա «Պոչատ աղվեսը»  ներկայացումը։ «Մենք շատ նուրբ մոտեցում ունենք մեր խաղացանկի հանդեպ և երկար ենք պահում մեր ներկայացումները։ Այս տարի վերականգնելու ենք Մարուխյանի բեմադրությամբ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումը»,-ասաց Բաբայանն ու հավելեց՝ թատրոնը շարունակել է հանդես գալ նաև Հայաստանի տարբեր մարզերում, զորամասերում։ 

Ռուբեն Բաբայանը մշտապես հարթակ է տրամադրում երիտասարդ ստեղծագործողներին, նրանց հնարավորություն է ընձեռում թատրոնի տարբեր հատվածներում իրականացնել իրենց գաղափարները, կյանքի կոչել փորձարարական ներկայացումներ, սակայն ժամանակ առ ժամանակ Բաբայանը հաճելին է մատուցում նաև իր ռեժիսորական մտքի երկրպագուներին և բեմադրություններ է անում։

Չի բացառում՝ առաջիկայում գուցե դրամատիկ որևէ ներկայացում բեմադրի, սակայն ոչ Ազգային տիկնիկային թատրոնում։ «Իրականում ինձ շատ են ոգևորում իմ աշակերտների աշխատանքները։ Այնպես է ստացվել, որ բազմաթիվ թատրոններում, ինչպես նաև մեր թատրոնում բեմադրում և խաղում են իմ սաները։ Հավատացեք՝ դա մեծ բավականություն, հաճույք է պատճառում, որը սեփական ներկայացումը չի պատճառում։ Երբ քո աշակերտն է բեմադրում, հասկանում ես, որ շատ կարևոր դերակատարում ես ունեցել նրա կյանքում, փոխանցել ես ինչ-որ բան, որը նա զարգացրել է, յուրովի, իր ձևով է ներկայացրել՝ չկրկնելով քեզ։ Դրանից ավելի հաճելի բան ինձ համար չկա։ 2025-ին Նադիայից բացի հետաքրքիր ներկայացում կբեմադրի նաև Մարիետա Դովլաթբեկյանը։ Նա ցանկանում է Կոմիտասին անդրադառնալ»,-տեղեկացնում է նա։

Բաբայանի խոսքով՝ շատերը մի քիչ կարծրացած ընկալում ունեն Կոմիտասի մասին, քանի որ նա հիմնականում ասոցացվում է ողբերգության հետ, այնինչ կենսուրախ մարդ է եղել։ Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարը հիշեցնում է՝ Կոմիտասն ունի հրաշալի ինքնանկար, որն ասես Պիկասոն նկարած լինի։ «Բոլոր նրանք, ովքեր ճանաչել են Կոմիտասին, նշում են, որ նա կենսասեր էր։ Մենք կփորձենք այդ տեսանկյունից ներկայացնել Կոմիտասին։ Կոմիտասն արարչական կյանքով է ապրել։ Նա մաքրել է ոչ միայն հայկական, այլև ասորական, քրդական և այլ ազգերի ժողովրդական երգերը։ Դա հսկայածավալ և անգնահատելի աշխատանք է, և հերթական անգամ ապացուցվում է, որ նման մասշտաբի արվեստագետներն աշխարհինն են։ Այդպիսին էր նաև Սերգեյ Փարաջանովը։ Նա ուկրաինական, վրացական, հայկական ֆիլմեր էր նկարում, եթե հնարավորություն ունենար, հաստատ նաև այլ ազգերի ֆիլմեր կնկարեր։ Այդպիսին էր Սայաթ-Նովան, որ գրում էր տարբեր լեզուներով»,-շեշտում է Ռուբեն Բաբայանը։

Թատրոնի խաղացանկում իր ուրույն տեղն ունի Նարինե Գրիգորյանի «Դզին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը Բաբայանն է։ Ներկայացման օրիգինալ տեքստը ֆրանսերեն է, սակայն խաղում են հայերեն։ Այժմ փորձում են հենց ֆրանսերեն այն բեմադրել, որպեսզի ներկայացնեն «Ավինյոն» փառատոնին։ Թատրոնը հրավերներ ունեն Գերմանիայից, Հունգարիայից, Չինաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, սակայն դեռ բանակցությունների փուլում են։

Բաբայանը վստահեցնում է՝ արվեստը հաղորդակցող անոթներից է բաղկացած, և չի կարելի փակել այդ անոթները, որովհետև սրտի կանգ կլինի։ «Ամեն մի փառատոնին մասնակցելը թույլ է տալիս նոր մոտեցումների, նոր մարդկանց ծանոթանալ, նոր գաղափարներ ծնել, նաև քեզ են տեսնում, քեզ են ճանաչում։ Հայաստանը երբեմն ճանաչում են հենց քեզնով։ Երբ դիտում են ներկայացումն ու հավանում այն, սկսում են հետաքրքրվել, թե Հայաստանն ինչ երկիր է։ Դա շատ կարևոր է։ Մենք եփվում ենք մի կաթսայի մեջ, նկատի ունեմ՝ համաշխարհային մշակույթը։ Մենք  նրա առանձին մասը չենք ու շատ կարևոր տեղ ունենք ընդհանուր մշակույթում։ Երբ մեկնում ենք որևէ փառատոնի, ոչ միայն ներկայացումներ ենք դիտում, այլև փորձում ենք ծանոթանալ այդ երկրին, հասկանալ նրա մշակույթը, բնությունը, որովհետև արվեստագետը միայն արվեստից չի սնվում, նա կյանքից է սնվում։ Հաճախ նույնիսկ ընդհանուր եզրեր ես գտնում։ Իմ բեմադրությամբ Թումանյանի «Անխելք մարդը» մոտ 14 երկրում ենք խաղացել։ Բոլոր երկրներում մեզ մոտենում էին ու ասում, որ այդ պատմությունն իրենց մասին է։ Հասկանում ես, որ Թումանյանի հանճարը հենց դրանում է։ Կարծում եմ՝ մեր մեկնելն ու այստեղ փառատոններ կազմակերպելը մեծ նշանակություն ու կարևորություն ունեն ոլորտում»,-ասում է Բաբայանը։

Նա ամեն երկուշաբթի ուսանողների համար թատրոնի փոքր դահլիճում ներկայացումների, ֆիլմերի դիտումներ է կազմակերպում, հետո քննարկում են, ինչի շնորհիվ ուսանողներն ասես հայտնվում են աշխարհի կենտրոնում, սկսում են հասկանալ, որ գավառն ուղեղի մեջ է, ոչ թե այնտեղ, որտեղ ապրում ես։ Ըստ Ռուբեն Բաբայանի՝ եթե ցանկանում ես լինել աշխարհի կենտրոնում, կլինես, իսկ եթե չես ուզում, կարող ես ապրել Էյֆելյան աշտարակի մոտ, և նա նման մարդկանց գիտի, ու լինել հետամնաց։

«Ամեն ինչ մեր ձեռքում է։ Սովորելուց լավ բան չկա, իսկ կյանքը շատ հետաքրքիր է. ինչքան սովորում ես, այնքան շատ բան ունես տալու։ Զարմանալը հավանաբար մարդկային ամենագրավիչ հատկությունն է։ Մենք՝ հայերս, շատ լավ արտահայտություն ունենք, որը, կարծում եմ, ոչ ոք չունի։ Մենք իրար մաղթում ենք ուրախ տարի, ինչո՞ւ, որովհետև ուրախությունը կյանք է, իսկ կյանքն ուրախություն է, հետևաբար մենք իրար կյանք ենք մաղթում։ Եթե կա կյանք, կա ուրախություն, ուստի բոլորին ուրախ տարի եմ մաղթում»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը։

Հայերեն