Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի կողմից ՌԴ-ին փոխանցված բողոքի հայտագրին՝ կապված Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Զախարովան հայտարարել է, որ լրագրողի արտահայտած կարծիքին Երևանի արձագանքը Մոսկվայում տարակուսանք է առաջացրել, քանի որ այն ՌԴ պաշտոնական տեսակետը չէ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Երևանին քաջ հայտնի է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման բովանդակությունը՝ կապված Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ, ինչի վերաբերյալ էլ խոսք է է գնացել հաղորդման մեջ։
«Մենք պարբերաբար խոսում ենք Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերագործարկման մասին՝ բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։ Առաջին հերթին խոսքը 2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների ընդունած հայտարարության մասին է։ Այն ամրագրվել է նաեւ 2021 թվականի հունվարին։ Այստեղ հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է Զախարովան։
ՌԴ պաշտոնյայի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրված նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) գործունեության հիմքում, որի շրջանակներում հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։
«Եռակողմ աշխատանքային խմբում երբեւէ չի քննարկվել արտատարածքային միջանցքներ ստեղծելը, ընդհակառակը` երկրները պետք է ունենային ինքնիշխանություն եւ իրավասություն իրենց երկրներով անցնող երթեւեկության վրա։ Ցավոք, արեւմուտքի ապակառուցողական ազդեցությամբ պայմանավորված` հայկական կողմի որոշմամբ` եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը սառեցվել է։ Համոզված եմ, որ աշխատանքների շուտափույթ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասում ենթակառուցվածքների լիարժեք գործունեությանը, այլեւ կապահովի տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը եւ ավելացրել, որ Մոսկվան կրկին վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտ կերպով նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր։
«Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հաղորդավար Դմիտրի Կիսիլյովն, անդրադառնալով Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» մտացածին տերմինը՝ կրկնելով ադրբեջանական թեզերը։