2024 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«2024 թվականին մեզ հաջողվել է էականորեն կրճատել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը։ 2024 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 299-ով նվազում, զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ վիրավորներինը՝ 421-ով։ Առհասարակ, եթե ուսումնասիրենք ՃՏՊ-ների մասով մեր ունեցած իրավիճակը, պետք է նկատենք, որ այստեղ մեծ գործոն ունի թե՛ անվտանգային մշակույթի առկայությունը վարորդների մոտ, թե՛ ոստիկանական աշխատանքի ավելի ինտենսիվացումը, թե՛ նաև տրանսպորտային միջոցների զգալի աճը»,- ասաց Սարգսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին գրանցվել է մոտ 964 հազար տրանսպորտային միջոց, ինչը գրեթե կրկնակի ավել է 2015 թվականի 560 հազար տրանսպորտային միջոցներից, սակայն նույնիսկ տրանսպորտային միջոցների զգալի աճի պայմաններում, զոհերի և վիրավորների թիվը նվազել է։
«Այսինքն՝ 964 հազար տրանսպորտային միջոցների շարժունակության պայմաններում ունեցել ենք ավելի քիչ զոհեր, քան 2015 թվականին»,- ընդգծեց Սարգսյանը։