Արամ Խաչատրյանից մինչև մեր օրեր. Հայաստանի կոմպոզիտորների միությունը հանրությանը երեք ուշագրավ ժողովածու ներկայացրեց

7 րոպեի ընթերցում

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Արմյուզիք» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), Արամ Խաչատրյան «Մանկական ալբոմ» (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը լույս են տեսել «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի իրականացմամբ լուծվում է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման և տարածման խնդիրը, ապահովվում է նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության հասանելիությունն ու մատչելիությունը: Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

Գրքերի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունվարի 16-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, միության նախագահ Արամ Սաթյանն ասաց՝ և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախության տարիներին Արամ Խաչատրյանի երկու տետրը մեկ գրքով չէր հրատարակվել։ Միությունը կոմպոզիտորի որդու թույլտվությամբ առաջին անգամ է նոտաները լույս ընծայում։ Սաթյանը կարևորեց նաև «Երեխաները երեխաներին» գիրքը՝ նշելով, որ առաջին անգամ են տպագրում երեխաների գործեր։ «Այս ժողովածուն խթան է դառնում, որ երեխաները զբաղվեն կոմպոզիտորությամբ։ Նրանք շատ հետաքրքիր մտածողություն ունեն, տաղանդավոր են, բայց նրանց պետք է ուղղորդել։ Միությունը ոչ միայն դա է անում, այլև խթանում է, որ բոլոր երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում լինեն կոմպոզիտորական դասարաններ»,-ասաց Սաթյանն ու հավելեց՝ «Արմյուզիք» հրատարակչությունը զբաղված է նոտաների, երաժշտական գրքերի տպագրությամբ։

Նախատեսում են գրքեր հրատարակել հայ հեղինակների մասին՝ փորձելով ճանաչելի դարձնել նրանց։ «Էդգար Հովհաննիսյանի մասին նոր է գիրք լույս տեսել։ Շատերի մասին չկան հրատարակություններ, այնինչ դա մեր պատմությունն է, նրանք կոմպոզիտորներ են, որոնց երաժշտությունը հնչում է ամբողջ աշխարհում, բայց տեղեկությունները քիչ են»,-շեշտեց Սաթյանը։

Նրա խոսքով՝ միությունն առաջիկայում հանրությանը կներկայանա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն կայքով։ Կայքում հնարավոր կլինի գտնել դասական և ժամանակակից կոմպոզիտորների մասին տեղեկություններ։ Ներառված կլինի նրանց կենսագրությունը, հնարավոր կլինի կայքում ունկնդրել նրանց ստեղծագործությունները։

Ժողովածուները հրատարակվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց՝ նախարարության հայտարարած բոլոր մրցութային  դրամաշնորհների մեջ կարևորում են կրթական բաղադրիչը, քանի որ չկա կրթություն առանց մշակութային բաղադրիչի և հակառակը։ «Ինչպե՞ս կազմակերպել մշակութային կրթությունը, դաստիարակությունը, եթե ոչ նման ժողովածուների հրատարակմամբ, նման գրականության ստեղծմամբ։ Շատ եմ շրջում մարզերի երաժշտական դպրոցներում և պետք է փաստենք, որ այսօր «Սոլֆեջիո» առարկան անցնում են Կալմիկով-Ֆրիդկինի հեղինակած գրքով։ Այդ ձեռնարկը հիսուն կամ վաթսուն տարի առաջ է ստեղծվել։ Ժամանակին շատ լավն էր, սակայն աշխարհը գնում է այլ ուղղությումբ, մշակույթը՝ ևս, և մենք չենք կարող այդ թվականների գրականությամբ առաջնորդվել։ Մեծ հպարտությամբ եմ այսօր խոսում մեր ստեղծագործական ներուժի մասին, քանի որ ունենք այն, տեսնում եմ՝ և՛ երիտասարդները, և՛ կայացած արվեստագետները քայլեր են անում, որ այդ ներուժը նյութական դառնա, հրատարակվի և կատարվի»,-շեշտեց Դանիելյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ իրենց աջակցությամբ 2024-ին 14 ուսումննամեթոդական ձեռնարկ է տպագրվել, որոնք վերաբերում են բեմական խոսքին, պարին, ռիթմիկային, դերասանի վարպետությանը, բեմական շարժմանը։ 2025-ին  պարային արվեստի մասին ձեռնարկ են հրատարակելու։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանն էլ մանրամասներ ներկայացրեց «Երեխաները երեխաներին» ժողովածուի մասին՝ շեշտելով, որ գրքում ներառվել են մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։ «Միությունը կարևորում է մատաղ սերնդի առաջ հնարավորություններ բացելու գաղափարը։ Դա ևս կարելի է անվանել հայապահպան գործունեություն, քանի որ երեխաներին դրսևորվելու հնարավորություն է ընձեռվում։ Կարծում եմ՝ գրքի հրատարակումը մրցույթի մասնակիցների կյանքում նշանակալի իրադարձություն է։ Սա հայկական իրականության մեջ առաջին դեպքն է, երբ պատանի ստեղծագործողների մեկ հավաքական ժողովածու է տպագրվում։  Գրքում ընդգրկված ստեղագործություններն իրապես կզարդարեն ու կարող են զարդարել մեր համերգասրահները թե՛ երեխաների, թե՛ պատանի, երիտասարդ երաժիշտների կատարմամբ, քանի որ կան նաև բարդ գործեր»,-հավաստիացրեց Մակարյանն ու հավելեց՝ ժողովածուում 16 ստեղծագործություն է ներառվել։

Շնորհանդեսին հնչեցին «Երեխաները երեխաներին» ժողովածուում ընդգրկված ստեղծագործություններից մի քանիսը հեղինակների՝ Միրզոյանական նախորդ մրցույթի հաղթողներ Հայկ Ջուլհակյանի և Էդգար Մխիթարյանի կատարմամբ:

Դանիել Դանիելյան

Էդմոնդ Մակարյան, Դանիել Դանիելյան, Արամ Սաթյան

Արամ Սաթյան

Էդմոնդ Մակարյան, Դանիել Դանիելյան, Արամ Սաթյան

 

Հայերեն