Քաղաքականություն

ԵՄ-ն առաջարկում է երկարաձգել ՀՀ-ում իր դիտորդական առաքելության գործունեության ժամկետը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն առաջարկում է երկարաձգել ՀՀ-ում իր դիտորդական առաքելության գործունեության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության ժամկետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», - նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։ 

Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։

Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են.

«Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ - ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ - ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։ 

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում