Մարզեր

Սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են

3 րոպեի ընթերցում

Սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատկան մարմինների կողմից Սևանա լճում 2024 թվականի դեկտեմբերի 9-ից շարունակվում են սիգի ապօրինի որսի կանխարգելման խստացված միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության,  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի,  ՀՀ ոստիկանության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում 2024 թվականի դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ, 1 ապօրինի վաճառք, 3 ապօրինի տեղափոխում, 6 ձկնագողություն։ Այդ ժամանակահատվածում լճից դուրս է բերվել 879 ձկնորսական ցանց, 119 խեցգետնորսիչ։  Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է  3 միլիոն 473 հազար 830 դրամ։ Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Շուրջօրյա խստացված վերահսկողություն  է իրականացվել  նաև Ամանորի և Սուրբծննդյան  տոնական օրերին, շուրջօրյա ռեժիմով։    

Վարդենիս համայնքի, Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում 2024 թվականի դեկտեմբերի 30-ի գիշերը,  ժամը 22։00-ի սահմաններում,  նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ՝ 207 կգ ընդհանուր քաշով սիգ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1 միլիոն 35 հազար դրամ։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։

2025 թվականի հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։

Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ 54 կգ սիգ տեսակի ձուկ։

Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։ 

Հունվարի 9-ին, ժամը 2։15-ի սահմաններում,  Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410 կգ ապօրինի որսված սիգ տեսակի ձուկ,  դիմել են փախուստի։

Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում