ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը վերանայելու հարց այս պահին օրակարգում չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով պայմանագրի փոփոխության, վերանայման հնարավորության մասին հարցին:
«Այդպիսի հարց՝ ռազմաբազայի հարցը, օրակարգում այս պահին գոնե չկա»,-ասաց Միրզոյանը:
Նա նաև նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայում, ինչպես նաև ՀՀ սահմանին Իրանի հետ, Թուրքիայի հետ ռուս սահմանապահները տեղակայվել են ժամանակավոր:
«Նրանք իրենց ծառայությունն են մատուցել ՀՀ-ին, քանի դեռ Հայաստանը չի կարողանա կազմավորել այն բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և հմտությունները, որոնցով ինքն իր ուժերով կկարողանա ապահովել այդ առաքելությունը: Մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուս սահմանապահ ծառայությանը և ասել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կարող ենք արդեն ինքնուրույն հոգալ այդ հարցը, այնուհետև ինչ-որ փուլում մենք ստանձնել ենք ամբողջական վերահսկողություն Հայաստանի և Իրանի միջև գործող անցակետի նկատմամբ»,-ասաց ԱԳ նախարարը:
Նա ընդգծեց՝ սա մի կողմից խոսում է Հայաստանի կարողությունների ձևավորման մասին, մյուս կողմից Հայաստանի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակի վկայությունն է: Ըստ Միրզոյանի՝ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի գործող բաց սահման, լինի այդ նույն վստահությունը, կարող են դիտարկել այդ հարցը Թուրքիայի հետ սահմանին նույնպես: