Ադրբեջան

Ալիևը զառանցանք է որակել ռուսական կողմի վարկածները Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ալիևը զառանցանք է որակել ռուսական կողմի վարկածները Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է կոծկել Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների մասին հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ալիևն ասել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ցավոք, առաջին երեք օրերի ընթացքում մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,-ասել է նա՝ անդրադառնալով «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառների մասին հարցին:

Ըստ Ալիևի, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված, բայց միաժամանակ փաստ է համարել, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը:

Նրա խոսքով, ինքնաթիռն անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով, ինչն օդանավին հասցված առաջին վնասն է եղել, որից հետո բացված կրակի հետևանքով օդանավի պոչային հատվածը լրջորեն վնասվել է։

«Իսկ օդանավի թռչունների երամի հետ բախման մասին վարկածն ամբողջությամբ հանվել է օրակարգից այն պատճառով, որ ֆյուզելյաժը անցքերով է ծածկվել։ Մեզ վրդովեցրեց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում կործանվել է «Ադրբեջանի ավիաուղիներ»-ի Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Մահացել է 38 մարդ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում