«Օթելլո»-ն երևանյան բեմ է վերադառնում իտալական ոգով և շնչով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ առաջնախաղ է սպասվում։ Տարիներ անց թատրոն է վերադառնում Ջուզեպե Վերդիի «Օթելլո»-ն՝ իտալական ոգով, իտալական շնչով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օթելլո»-ն, որ մշտապես ներկայացվում է աշխարհի հեղինակավոր բեմերում և երբեք չի կորցնում արդիականությունը, Սպենդիարյանի անվան թատրոնում կլինի դեկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին։ Այն խոստանում է մեծ տոն նվիրել օպերային արվեստի երկրպագուներին։

«Այս բեմադրությունն ամենամասշտաբայինն է վերջին երեսուն տարում։ Նման բեմադրություն և ժամանակակից լուծումներ հայ հանդիսատեսը վաղուց չի տեսել, և հայ թատրոնը չի ունեցել։ Բեմադրությունն Իտալիայի առաջատար թատրոններում է ներկայացվել, և մեզ համար մեծ նվաճում է, որ Երևանի օպերային թատրոնը կարողացել է ձեռք բերել այն ամբողջ ծավալով։ Գնվել է նախագիծ, որը ներառում է թե՛ լուսային, թե՛ ձայնային լուծումներ, ահռելի բեմական դեկորներ»,-նշում է օպերային թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը։

Իտալական ներկայացումը Երևանում պատշաճ մատուցելու համար վեց բեռնատարով Հայաստան են բերվել դեկորներ, կոստյումներ։  Երեք ժամ տևողությամբ օպերայում դերակատարները բազմիցս փոխում են իրենց զգեստները, որոնք շքեղ են, յուրատիպ։ Կոստյումների հեղինակն իտալացի հանրահայտ դիզայներ Օդետ Նիկոլետին է։ Հագուստները ձեռքի աշխատանք են և կարված են հատուկ երևանյան բեմադրության համար։ 

Ներկայացման մեջ զբաղված են Հայաստանի վաստակավոր արտիստներ Հովհաննես Այվազյանը,  որը կերտում է Օթելլոյի դերը, Գևորգ Հակոբյանը, որը մարմնավորում է Յագոյին, Անահիտ Մխիթարյանը, որը հանդես է գալիս Դեզդեմոնայի դերում և այլք։ Հրավիրյալ արտիստներ կան Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից։

Գևորգ Հակոբյանն աշխարհի տարբեր բեմերում շուրջ երեսունհինգ օպերայում է երգել, կերտել գլխավոր կերպարներ։ Խոստովանում է՝ անդադար սովորում է։ «Օթելլո»-ի պարագայում ևս այդպես է։

«Յագոյի կերպարն ինձ համար շատ հետաքրքիր է, հետաքրքիր է նաև ամբողջ երաժշտական աշխարհի համար։ Վերդին ուզել է օպերայի անունը փոխել և այն անվանել «Յագո», քանի որ նա կենտրոնական կերպարներից է, որ կազմակերպում է ամենը, ինչ կատարվում է օպերայի ընթացքում։ Շատ օպերաներ կան, որտեղ տենորը սիրահարված է սոպրանոյին։ Այս օպերան առանց Յագոյի կլիներ այդպիսին, բայց Յագոն այն կերպարն է, որ կարողանում է մտքով ամեն վայրկյան պատրաստ լինել նոր ինտրիգի, ինչը նրան հաջողվում է։ Կատվի և օձի պես է գրված նրա դերաբաժինը»,-կարծում է Հակոբյանը։

Արտիստը հաճույքով է համագործակցում «Օթելլո»-ի բեմադրող ռեժիսոր Ֆաբիո Սպարվոլիի հետ։ Ասում է՝ վերջինս խորապես ուսումնասիրել է թե՛ օպերան, թե՛ շեքսպիրյան պիեսը և ճիշտ լուծումներ, խնդիրներ տվել։

«Մեծ տարբերություն կա Վերդիի օպերայի և Շեքսպիրի պիեսի միջև։ Վերդիի մոտ առաջին ակտը բացակայում է, իսկ առհասարակ իտալական յուրաքանչյուր մելոդրամայում կա սեր, ատելություն, դավաճանություն և այլն, իսկ սոպրանոն, ավանդույթի համաձայն, անպայման վերջում մեռնում է։ «Տրավիատա» օպերայում ևս այդպես է. միշտ առկա է դրամա։ Մարդիկ սիրում են նման պատմություններ, քանի որ դրանցում տեսնում են իրենց սեփական կյանքն ու ողբերգությունը»,-ընդգծում է Ֆաբիո Սպարվոլին։

Կոնցերտմայստեր Ռիչարդ Բարկերը սիրով է այցելել Հայաստան, քանի որ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ծանոթացել է հայ մշակույթին և ցանկացել ավելին իմանալ մեր մասին։ Նա Վերդիի օպերաներն առանձնահատուկ է համարում, վստահեցնում՝ կոմպոզիտորին մշտապես հաջողվել է փայլուն համադրել երաժշտությունն ու տեքստը, ինչի արդյունքում նրա ստեղծագործություններն ազդեցիկ են։

«Վերդիի երաժշտությունը հասանելի է բոլորին՝ ինտելեկտուալներին և այն մարդկանց, որոնք առաջին անգամ են այցելում թատրոն, իսկ հայ արտիստների հետ աշխատելը հաճելի է, քանի որ ունեն գեղեցիկ, հնչեղ ձայներ։ Ես էլ փորձում եմ կարգուկանոն մտցնել մեր աշխատանքում և իմ փորձը փոխանցել նրանց, որ համահունչ լինեն դիրիժորի և նվագախմբի հետ»,-շեշտում է Բարկերն ու հաջողություն մաղթում ստեղծագործական թիմին։

Օպերայի երաժշտական ղեկավարն ու դիրիժորն Ալեսանդրո Բոնատոն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, կոստյումների հեղինակի օգնականը Լուիջի Բենեդետտին է, բեմադրության նկարիչը՝ Մաուրո Կարոսին, նկարչի օգնականը Էլիո Բրեշիան է, երգչախմբի ղեկավարը Նարինե Ոսկանյանն է, մանկական երգչախմբի խմբավարն Էմմա Առաքելյանն է։

Հայերեն