ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նիստին մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի մասով քննարկումը հետաձգվել է։