Մերձավոր Արևելք

Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել զինյալների կողմից սուրբծննդյան տոնածառի հրկիզման պատճառով

3 րոպեի ընթերցում

Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել զինյալների կողմից սուրբծննդյան տոնածառի հրկիզման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Համա քաղաքի մերձակայքում զինյալներն այրել են սուրբծննդյան տոնածառը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ դեկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված զինյալները հրկիզել են Սիրիայի կենտրոնական աս-Սուքեյլաբիյա քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող տոնածառը։ Քաղաքը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով։

Հազարավոր ցուցարարներ ամբողջ երկրում դուրս են եղել ցույցերի՝ պահանջելով, որ նոր իսլամիստ ղեկավարները պաշտպանեն կրոնական փոքրամասնությունների իրավունքները։

Սիրիայում իշխանափոխություն իրականացրած հիմնական խմբավորման՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի (ՀԹՇ) ղեկավարությունը հայտարարել է, որ հրկիզման համար պատասխանատու տղամարդիկ եղել են օտարերկրյա մարտիկներ, որոնք բերման են ենթարկվել։

ՀԹՇ-ի կրոնական պաշտոնյաներից մեկն աս-Սուքեյլաբիյայում հավաքված ակցիայի մասնակիցներին հավաստիացրել է, որ տոնածառը մինչև առավոտ կվերականգնվի։ BBC-ն  ընդգծում է, որ տղամարդու ձեռքին եղել է խաչ՝ ի նշան համերաշխության, ինչը իսլամիստ պահպանողականները երբեք չէին անի։

Դեկտեմբերի 24-ին ավելի շատ ցուցարարներ են դուրս եկել փողոց։ 

Սիրիայում բնակվում են բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբեր, այդ թվում՝ հայեր, քրդեր, ասորիներ, քրիստոնյաներ, դրուզներ, ալավիներ։

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։

Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։ ՀԹՇ-ն դեռ ահաբեկչական է համարվում տարբեր երկրների և կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի կողմից։ 

Այնուամենայնիվ, այս դիրքորոշումը կարող է փոխվել տարբեր երկրների ներկայացուցիչների և խմբավորման ղեկավարության միջև հանդիպումներից հետո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում