Երևան

Երևանի քաղաքապետարանը կստանա «քանդման պահանջի» նոր գործիքակազմ․ Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը կստանա «քանդման պահանջի» նոր գործիքակազմ․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի քաղաքապետարանը շարունակում է խիստ վերահսկողություն իրականացնել ինքնակամ շինությունների նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ առանց թույլտվության իրականացվող կառուցապատման դեպքում քաղաքապետարանը հետևողական է տուգանքներ կիրառելու և իրավիճակը վերահսկելու գործում։

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումից հետո քաղաքապետարանը կստանա նոր և ավելի արդյունավետ գործիքակազմ՝ ներառյալ «քանդման պահանջը»։

«Սա հիմնականում ազդելու է այն կառույցների վրա, որոնք ինքնակամ են կառուցվել և որոնք հետագայում փաստացի չեն օրինականացվելու, նրանց հետ կապված շինթույլտվություն վստահորեն չի տրվելու։ Եվ այդ «քանդման պահանջը» ներկայացնելուն պես այդ ինքնակամ շինության կառուցողը պարտավոր է լինելու քանդել կամ շատ մեծ տուգանքների շարքի հանդիպել»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝մինչ այժմ տուգանքների կիրառմամբ քաղաքապետարանը կարողացել է էականորեն սահմանափակել ինքնակամ շինությունների կառուցումը։ Տարեսկզբից այս ոլորտից արդեն հավաքագրվել է 24 միլիարդ դրամ։ 

«Եթե նախորդ տարի տուրքերի նախագիծը այս ձևով չընդունեինք, ապա կառուցապատման ծավալները շատ ավելի մեծ կլինեին, քան եղել են»,- ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում