Մերձավոր Արևելք

Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը

2 րոպեի ընթերցում

Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերության պատվիրակությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է միջազգային չվերթների վերականգնման, օդանավակայանի անվտանգության ապահովման և անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Կատարի ավիափոխադրողի ներկայացուցիչներն անդրադարձել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի անվտանգությանը և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործում Դոհայի աջակցությանը, ինչպես նաև Դամասկոսի օդանավակայանում և հսկիչ աշտարակներում վերգետնյա նավիգացիոն սարքերի մշակման հնարավորությանը։

Դեկտեմբերի 23-ին Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմեդ ալ-Խուլեյֆիի գլխավորած պատվիրակությունը Դամասկոս է ժամանել Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով, որն առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում հանրապետության ղեկավարության փոփոխությունից հետո։  Ինչպես Ալ-Խուլեյֆիի հետ բանակցություններից հետո ասել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, Դոհան իր պատրաստակամությունն է հայտնել խոշոր ներդրումներ ուղղել Սիրիայի էներգետիկ ոլորտի, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքների և օդանավակայանների զարգացմանը։

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարական  է տվել և լքել երկիրը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում