Մշակույթ

«Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը՝ նոր նախագծի մեկնարկով և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հատուկ համերգով

4 րոպեի ընթերցում

«Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը՝ նոր նախագծի մեկնարկով և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հատուկ համերգով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կերոն» զարգացման հիմնադրամը դեկտեմբերի 20-ի կեսգիշերին վերափոխել էր Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը՝ համադրելով անզուգական երաժշտության, լուսային էֆեկտների  և տոնական տրամադրության շունչը: Հիմնադրամն իր գործընկերների, աջակիցների և հյուրերի հետ միասին ամփոփեց տարին՝ ներկայացնելով իր 9 ամիսների գործունեության կարևորագույն ձեռքբերումները, արժեքավոր համագործակցությունները և ապագա պլանները: Հանդիսավոր միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և այլ հարգարժան անձինք: 

Երեկոյի ամենահիշարժան մասը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անզուգական ելույթն էր հատուկ ամանորյա ծրագրով, որն անակնկալ դարձավ բոլոր հյուրերի համար՝ պարգևելով անմոռանալի պահեր:

 Միջոցառման վայրի ընտրությունը կապված էր հիմնադրամի նոր՝ «Երաժշտական մետրո» նախագծի հետ, որի մասին հայտարարվեց երեկոյի ընթացքում: Նախագիծն իրականացվելու է հիմնադրամի և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ 2025թ.-ի հունվարից մինչև մարտ ամիսները: Այդ ընթացքում ամեն շաբաթ մետրոյի «Երիտասարդական» կայարանում տեղի են ունենալու փոքր ֆորմատի ելույթներ տարբեր երաժիշտների մասնակցությամբ: Այս նախաձեռնությունը ոչ միայն նպատակ ունի բարձրացնելու հանրային տարածքների գրավչությունը, այլև ակտիվացնելու մետրոյի առօրյան երաժշտության միջոցով և աշխուժացնելու քաղաքի մշակութային կյանքը՝ միևնույն ժամանակ տրամադրելով անվճար հարթակ տաղանդավոր երաժիշտների համար և ստեղծելով կենսունակ մթնոլորտ: Նման ֆորմատի համերգներ իրականացվել էին հիմնադրամի կողմից այս ամռան ամիսներին Կասկադում ամեն ուրբաթ երեկո և բավականին սիրվել էին երևանցիների կողմից: 

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն իր ողջույնի խոսքում, նշեց. «Շնորհակալություն այս ուշ ժամին և միջոցառման համար անսովոր վայրում մեզ հետ գտնվելու համար: Այսօր Ձեզ հրավիրել ենք այստեղ երեք առիթով: Առաջինը՝ ամփոփել հիմնադրամի առաջին ամիսների գործունեությունը, որի մասին խնդրել ենք խոսել մեր իսկ գործընկերներին: Երկրորդը՝ հայտարարել մետրոպոլիտենի հետ մեր նոր փոքրիկ նախագծի մեկնարկի մասին: Նշեմ, որ մետրոպոլիտենի հետ քննարկման փուլում են ևս մի քանի նախագիծ, որոնց հաստատման դեպքում կտեղեկացնենք բոլորիդ: Եվ երրորդը՝ վայելել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական ելույթը»:

Ամփոփելով հիմնադրամի առաջին ամիսների գործունեությունը՝ հյուրերին ներկայացվեց տեսահոլովակ, որտեղ հիմնադրամի գործընկերները հենց իրենց խոսքով պատմում էին իրականացված ու ընթացիկ ծրագրերի և հիմնադրամի ձեռքբերումների մասին: Տեսահոլովակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ «Կերոն» հիմնադրամը դարձել է նախարարության գործընկերն այս տարվա ամենակարևոր նախագծերում՝ մասնավորապես առանձնացնելով տարվա մշակութային իրադարձություն դարձած Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը, սպորտի ոլորտում համագործակցությունը, որի շնորհիվ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սկսեց հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, և նաև համագործակցությունն ուսումնական հաստատությունների հետ՝ հատկապես նշելով Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի ամբողջական վերափոխման նախաձեռնությունը:

Այս յուրօրինակ երեկոն ոչ միայն նշեց հիմնադրամի ձեռքբերումներն, այլև նոր հիմք դրեց ապագայի համար՝ շարունակելով իրականացնել հիմնադրամի առաքելությունը, որն է՝ նպաստել Հայաստանում փոխակերպող փոփոխությունների իրականացմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում