ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն լուրերը, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը Ռուսաստանից հեռանալու համար հատուկ թույլտվություն է խնդրել։ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ, չի համապատասխանում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե Ասադի կինը ցանկանում է բաժանվել ամուսնուց և մեկնել Ռուսաստանից։ Հաղորդվել է նաև, թե Ասադի համար ևս, իբր, սահմանափակումներ կան Մոսկվայից մեկնելու հետ կապված։ Բացի այդ, ըստ հրապարակումների, Ասադի ակտիվները սառեցվել են։
Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։