ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերի փաթեթ է ընդունել պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես հանրապետության նախագահի թեկնածու գրանցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստաթղթերը լիազորագրով ԿԸՀ է ներկայացրել Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Յուրի Սենկոն, որն ավելի վաղ գլխավորել է Լուկաշենկոյին որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խումբը։
«Ստորագրահավաքն ավարտված է, պատրաստվել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար…. Եվ այսօր պետության ղեկավարի հանձնարարությամբ, նրա լիազորագրով իմ կողմից իրականացվել է փաստաթղթերի հանձնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու գրանցելու համար», - լրագրողներին ասել է Սենկոն։
Ավելի վաղ որպես թեկնածուներ գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը, Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, ձեռնարկատեր, անկուսակցական Աննա Կանոպացկայան։
2025 թվականի հունվարի 21-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ երկրում կանցկացվի նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկություն, հունվարի 26-ը քվեարկության հիմնական օրն է։