Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման հարցում առկա լրացուցիչ հնարավորությունները: 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ ջանքերն առավել նշանակալի արդյունքների հասնելու ուղղությամբ, քանզի կան փոխադարձ հետաքրքրություն, քաղաքական կամք և փոխշահավետ հեռանկարներ:

Ներդրումների խթանման համատեքստում ընդգծվել է գործարար շրջանակների մասնակցությամբ փոխայցելությունների և համաժողովների պարբերական անցկացման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Անվար Գարգաշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պարագայում ընձեռվող հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ նախագահի խորհրդականին ՀՀ «Բարեկամության» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում