Եվրոպա

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության երկրների ղեկավարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 16-ին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Եվրոպական խորհուրդն այսօր հավանություն է տվել տնտեսական և անհատական ​​սահմանափակող միջոցների 15-րդ փաթեթին, որի նպատակն է ավելի սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունը՝ ծավալելու իր անօրինական, չհրահրված և չարդարացված պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասվում է փաստաթղթում։

Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խաթարող կամ դրանց սպառնացող գործողությունների համար»։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև երրորդ երկրների 52 նավի նկատմամբ, որոնք, ըստ Բրյուսելի, օգտագործվել են Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակող միջոցները շրջանցելու համար։ Այսպիսով, նման նավերի թիվը հասել է 79-ի։

«Խորհուրդը լրացուցիչ նավեր է ավելացնում այն ​​նավերի ցանկում, որոնց մուտքը նավահանգիստներ արգելված է, և որոնց արգելված է մատուցել ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների լայն շրջանակ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Եվս 32 իրավաբանական անձ ավելացվել է այն իրավաբանական անձանց ցանկին, որոնք «ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին Ուկրաինայի դեմ պատերազմում»։ Այդ ընկերությունների նկատմամբ կսահմանվեն երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ։ Այդ ընկերություններից մի քանիսը տեղակայված են երրորդ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում, Սերբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում