Երևան

Դիսպետչերական կետերը կվերանան, կներդրվի կառավարման մեկ կենտրոն. Երևանի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Դիսպետչերական կետերը կվերանան, կներդրվի կառավարման մեկ կենտրոն. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրերի ուղղությունները՝ ընդգծելով «Երևանտրանս» ընկերությունում և քաղաքի տրանսպորտային հոսքերի կառավարման մեջ նախատեսվող փոփոխությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը նշեց, որ «Երևանտրանս»-ում ավանդույթային դիսպետչերական կետերը պետք է վերանան՝ փոխարինվելով GPS համակարգի վրա հիմնված վերահսկողությամբ։ 

«Մեր ավտոբուսների վրա տեղադրված GPS համակարգը թույլ է տալիս արդյունավետորեն հավաքագրել և համակարգել տրանսպորտային տվյալները։ Պետք է այս ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացնել մեկ սենյակում՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն և արդյունավետ կառավարում»,- ընդգծեց Ավինյանը։  

Քաղաքապետի խոսքով՝ կարևորագույն նախաձեռնություններից մեկն է տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի ստեղծումը, որն ուղղված է ամբողջական լուսացուցային համակարգի արդիականացմանը և խցանումների նվազեցմանը։

«Կարծում եմ՝ սա մեր առաջնային խնդիրներից է և չի վերաբերվում միայն հանրային տրանսպորտին, այլ վերաբերվում է ամբողջական լուսացուցային նոր համակարգի ներդրմանը։ Համենայնդեպս, հաջորդ տարի պետք է սկսենք դա իրականացնել։ Նախաձեռնությունը վերաբերվում է ընդհանուր հոսքերի գրագետ և խելացի կառավարմանը, որը մեր քաղաքը վստահորեն ունի։ Այսինքն՝ լուսացույցերի ավելի ստատիկ մոդելից պետք է անցնենք ավելի դինամիկ մոդելի, երբ լուսացույցը տարբեր ժամերին տարբեր ժամանակ է պահում՝ ըստ իրավիճակի և ըստ հաշվարկների։ Կարծում եմ, որ սա է լինելու հաջորդ տարվա մեր ամենամեծ խնդիրը, որի արդյունքում մենք պետք է արձանագրենք Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի հետ, խցանումների հետ կապված բարելավում»,- նշեց քաղաքապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում