Հայաստան

Պետպատվերով բժշկական ծառայությունների համար նախատեսվող  գները կվերանայվեն

2 րոպեի ընթերցում

Պետպատվերով բժշկական ծառայությունների համար նախատեսվող  գները կվերանայվեն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կվերանայվեն պետպատվերի շրջանակներում  բժշկական ծառայությունների համար նախատեսվող գները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ բժշկական որոշ ծառայությունների գները բարձրացել են, այդուհանդերձ, համապատասխանում են այն ինքնարժեքին, ինչն օբյեկտիվորեն առկա է:

«Պետք է իրականացվի գների վերանայում, որպեսզի այն գինը, որով պետությունը գնում է ծառայությունը, իսկապես արտահայտի այն ինքնաարժեքը, ինչը մեր դրած ստանդարտով մենք պիտի պահանջենք: Այստեղ շատ կարևոր է, որ ստանդարտը նույնպես ներդրված է: Այս տարի նախարարի հրամանով 300-ից ավելի գործելակարգեր են հաստատվել  և ներդրվում են բուժհաստատություններում»,- հավելեց Ավանեսյանը՝ նշելով, որ  առկա է որոշ վիրաբուժական ծառայությունների գների վերանայման խնդիր, ինչը փուլ առ փուլ իրականացվում է:

 Նրա տեղեկատվությամբ՝ պետպատվերով անհետաձգելի բուժօգնության ծավալի, դեղորայքի ու  սպասարկման, ինչպես նաև  մանկական բուժսպասարկման հատվածի գներն արդեն վերանայվել են և գալիք տարվա հունվարից  կգործարկվեն:

«Շատ կարևոր է, որ երբ գինը բարձրանում է, ապա դա նպաստի նաև ծառայության որակի բարձրացմանն ու կոնկրետ ուղղություններով ծախսվի: Օրինակ՝ ծննդօգնության արժեքները բարձրացրեցինք, փոխեցինք ֆինանսավորման ձևը, հետո հասկացանք, որ ոչ միայն արժեքը պետք է բարձրացնել, այլ նաև կանոնակարգել, թե բժիշկը դրանից որքան աշխատավարձ պիտի ստանա, որպեսզի բարձրացման արդյունքում այնպես չստացվի, որ բուժկենտրոնը միայն շահի, իսկ բժիշկը՝ ոչ»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը՝ նկատելով, որ պետպատվերով բուժհաստատությունը շահույթ է ստանում և կարողանում է իր ծախսերը փակել ոչ միայն կոնկրետ ծառայության փոխհատուցման արդյունքում, այլ նաև՝ ծավալի:

«Մեր գնահատականն է, որ, այո, և՛ ծավալը, և՛ գների փոփոխությունն է այն լուծումը, որ քաղաքացու առջև որևէ հավելյալ գումարի պահանջ չդրվի»,- ընդհանրացրեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում