ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ընդլայնել սքրինինգի պիլոտային ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ամփոփված տվյալների համաձայն՝ լավ ցուցանիշներ ունենք մոբիլ սքրինինգային ծրագրով, որը ներկայում գործում է Գեղարքունիքի մարզում: Պլանավորվում է հաջորդ տարվանից պիլոտային ծրագիրն ընդլայնել և ֆինանսավորել ոչ միայն կոնկրետ այս մոբիլ սքրինինգային ծրագիրը, այլ նաև հնարավորություն տալ որոշակի տարիքի ռիսկային խմբի անձանց սքրինինգ հետազոտություն անցնել և՛ Երևանում, և՛ մարզերում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ծրագրի ընդլայնման շուրջ հաշվարկներն արդեն ընթանում են, և որոշակի պատկերացում կա մեթոդաբանության ու ընդգրկվածության առումով:
Ավանեսյանը հավաստիացրեց, որ արդեն գալիք տարեսկզբին նախատեսվող ասուլիսում մանրամասներ կներկայացնի շահառուների խմբերի ու ծրագրի ընդլայնման վերաբերյալ: