Հայաստան

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ դեղերի գների բարձրացման տենդենցը գլոբալ է

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ դեղերի գների բարձրացման տենդենցը գլոբալ է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեղագործական շուկան Հայաստանում ազատ է, և դեղերի գները չեն կարգավորվում օրենքով, սակայն պետական գնումների և ապահովագրական համակարգի ներդրման միջոցով հնարավոր է նվազեցնել գները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դեղերի գների կարգավորման խնդիրներին։

«Հայաստանում կա ազատ շուկա, և դեղերի գները չեն կարգավորվում, բայց պետական պատվերի գնումների և հետագայում ապահովագրության շրջանակներում այդ հատվածով կարգավորման ենք գնում։ Մենք նայելու ենք ներմուծման գինը, տեղափոխման գինը, ողջամիտ շահույթի մասնաբաժինը․ այս առումով լուծումը դա է։ Մենք տեսնում ենք, որ այլ երկրներում ևս, երբ պետությունը խոշոր գնումներ է իրականացնում, հաջողվում է դեղերի գների նվազեցում ապահովել»,- ասաց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ դեղերի գների բարձրացման տենդենցը գլոբալ է։ 

«Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում էլ դեղագործական արտադրանքի պահանջարկի մեծացում և գների բարձրացում կա։ Կորոնավիրուսի ժամանակ դա սկսվեց, և դրանից հետո այս տենդենցը դեռ պահպանվում է։ Շատ երկրներ դեղագործական հումքի հետ կապված խնդիր ունեն, լոգիստիկ խնդիրներ կան, և այս առումով դեղագործական շուկայում դեղերի գների բարձրացում բոլոր տեղերում էլ նկատվում է»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարը նաև նշեց, որ դեղերի գների տարբերությունը դեղատներում պայմանավորված է շուկայական մրցակցությամբ։  

«Այո, նույն դեղամիջոցը մի դեղատանը կարող է լինել մի գնով, մյուս տեղում՝ մեկ այլ գնով։ Սա օրենքի շրջանակներում է և տեղի է ունենում մրցակցության արդյունքում»,- ավելացրեց Ավանեսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում