ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լյուբով Շպակի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Արսեն Թորոսյանը, հիշեցնելով, որ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նոր ղեկավար է ընտրվել Դմիտրի Միկիշան:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է բարեկամական խմբերի ղեկավարների մակարդակով երկկողմ գործակցության ակտիվացումն ու հետագա շփումների սերտացումը:
Կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական գործընկերության դերը երկկողմ կապերի ընդլայնման գործում:
Ուկրաինացի պատվիրակները Հայաստան են այցելել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: