Քաղաքականություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունից պարզաբանում են տարածել պատգամավոր Հակոբ Ասլանյանի և նախարար Մխիթար Հայրապետյանի միջև նամակագրության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարությունից պարզաբանում են տարածել պատգամավոր Հակոբ Ասլանյանի և նախարար Մխիթար Հայրապետյանի միջև նամակագրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունն արձագանքել է նախարար Մխիթար Հայրապետյանին և պատգամավոր Հակոբ Ասլանյանին առնչվող իրավիճակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲՏԱ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։

Դեկտեմբերի 11-ին Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։ Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։ Ասլանյանը նշել էր, որ արդար չի համարում կուսակցությունից Հովիկ Աղազարյանին հեռացնելը։ 

Հայտարարությունից ժամեր անց պատգամավորն իր սոցցանցային էջում հրապարակել է նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրություն (screenshot), որտեղ երևում է, որ նախարարը պատգամավորին տեքստ է փոխանցել։ Ասլանյանը րոպեներ անց ջնջել է նամակագրության նկարը և հրապարակել միայն տեքստը, որում ասվում է. 

««Քաղաքացիական պայմանագիր»-ի հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։ Առավել ևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ։ Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների։ Միևնույն ժամանակ, համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում