«Ես անուն չունեմ». Քեթրին Մանասյանի դերակատարմամբ մոնոներկայացումը Կամերային թատրոնի բեմում էր

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Սոնա Վանի մի շարք ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Ես անուն չունեմ» մոնոներկայացումը մի կնոջ լեզվով պատմում է հազարավոր կանանց ապրումների մասին, որոնք ատում են պատերազմը, քանի որ այդ արհավիրքը խլել է իրենց սիրելիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը, որ հանդիսատեսի դատին հանձնվեց «Արմմոնո» փառատոնի շրջանակում, ստիպում է մտածել, անտարբեր չլինել ու հավատալ, որ հնարավոր է փոխել իրականությունն ու խաղաղության հասնել:

Ռեժիսոր Լուսինե Երնջակյանն առաջին անգամ է մոնոներկայացում բեմադրում և աշխատում պոեզիայի հետ: Առաջարկներ միշտ եղել են, սակայն խուսափել է՝ կարծելով, որ բավականին բարդ է մեկ արտիստի միջոցով մի ամբողջ դահլիճի ուշադրությունը պահելը:

«Սովորաբար ռեժիսորն է փնտրում նյութն ու գտնում այն, իսկ այս պարագայում ստեղծագործությունն է գտնել ռեժիսորին: Դերասանուհի Քեթրին Մանասյանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում ներկայացրել է Սոնա Վանի բանաստեղծությունները: Քեթրինն ու Սոնան միշտ ցանկացել են ներկայացման տեսքով մատուցել այդ գործերը: Ինչ-որ կետում այդ գաղափարին միացել է Անուշ Ասլիբեկյանը, որը գրել է պիեսը, հետո թիմին միացել եմ ես: Երբ նյութին ծանոթացա, փաստեցի, որ այն շատ հետաքրքիր է»,-ասում է Երնջակյանը:

Կարծում է՝ Սոնա Վանի ստեղծագործությունները, որոնք բազմաշերտ են ու բազմաբովանդակ, հեշտ է բեմադրության վերածելը: Վստահ է՝ ներկայացումը դիտելիս հանդիսատեսը չի զգա, որ նյութը բանաստեղծական է:

«Սա շատ ժամանակակից գործ է, արդի և հանդիսատեսին կարող է հուզել, մտորումների դաշտ տանել, սակայն դժվար է ասել, որ սա մի կնոջ պատմություն է. այդ մտքերը մի կնոջ չեն պատկանում՝ չնայած բեմում մի կին է, որ պատմում է իր պատմությունը, պատմություն կորուստների և հիշողությունների մասին, որոնք և՛ թուլացնում են, և՛ ուժեղացնում, իսկ պատերազմները նրա միակ թշնամին են, քանի որ խլել են իր սիրելի մարդկանց: Խոսքը մեկ պատերազմի մասին չէ, սա մեր անցած բոլոր պատերազմների և առհասարակ աշխարհում կատարվող պատերազմների մասին է: Նա գուցե ուտոպիստական, ոչ իրական, սակայն լուծումներ է առաջարկում, որովհետև հասկանում է, որ հնարավոր չէ հույսը միայն տղամարդկանց վրա դնել. կանայք ևս պետք է միանան ու պայքարեն խաղաղության համար, որովհետև երջանկություն է, երբ պատերազմ չկա, և դու կարող ես հանգիստ ու խաղաղ ապրել»,-շեշտում է ռեժիսորն ու հավելում՝ թեմային պետք էր զգույշ մոտենալ, քանի որ այն շատ ցավոտ է: 

Ներկայացման ստեղծագործական կազմն ավելի ցավացնելու նպատակ չի ունեցել, ուստի կան տեսարաններ, որոնք անգամ ստիպում են ժպտալ ու հավատալ, որ ամեն ինչ լավ Է:

Քեթրին Մանասյանի խոսքով՝ իր կերտած կերպարն ընդդիմանում է աշխահին, աշխարհի բարքերին, որոնք շատ հեռացել են բնականոն ընթացքից, առաքելությունից, այսինքն՝ ինչպես Աստված է արարել երկիրը, ինչպես երկնավորն է մարդուն ուզել տեսնել: Ըստ նրա՝ ներկայացման մեջ նաև կնոջ ուղերձն է, որը հնարավոր է՝ սկզբում մի փոքր ուտոպիստական հնչի, բայց շատ իրատեսական է:

«Տարբեր ժամանակներում Սոնա Վանի ստեղծագործություններն ընթերցելով՝ հասունացավ այս կերպարը: Այնպես չէ, որ այն օդից ծնվեց: Պիեսն արդիական է. աշխարհն ամբողջությամբ տոգորված է պատերազմի շնչով, բայց դա չի նշանակում, որ մենք վատ առումով ցանկացանք ժամանակակից լինել և այս թեմային անդրադառնալ: Դա բացարձակ ինքնանպատակ չէր. ներկայացման գաղափարը վաղուց կար»,-ասում է դերասանուհին և հավելում՝ Սոնա Վանն իր բանաստեղծություններում շատ է խոսում առհասարակ մարդկային և հենց կնոջ երջանկության մասին ու հայտարարում, որ երջանիկ լինելը կնոջ պարտականությունն է, և նա պետք է հասկանա, որ ծնվել է երջանիկ լինելու համար, քանի որ Աստծո ստեղծած կինը գոյաբանական սկիզբն է խորհրդանշում:

Մանասյանը քաջածանոթ է Սոնա Վանի բոլոր ժողովածուների բանաստեղծություններին: Ասում է՝ առաջին տողը լսելու պարագայում կարող է շարունակել մյուս տողերը, եթե անգամ անգիր չասի, գիտի, թե այս կամ այն բանաստեղծությունն ինչի մասին է  և ինչպես է ավարտվում: 

«Սոնա Վանի գրելաոճն ինձ հոգեհարազատ է, մտածում ես, թե նա՝ որպես կին,  ինչ ուղերձ ունի,  և առհասարակ ինչ է ցանկանում ասել իր պոեզիայով: Լույսի բաժինն ինձ դուր է գալիս, յուրաքանչյուր իրավիճակում ելք գտնելու գաղափարը: Դա ինձ հոգեհարազատ է, քանի որ ինքս էլ շատ եմ սիրում աջակցել մարդկանց: Նա լացկան կին չէ, ուժեղ կին է, ինչն ինձ ևս բնորոշ է, որքան էլ արցունքը գալիս է, կարողանում ես այն զսպել»,-ընդգծում է Քեթրին Մանասյանը:

Նա շատ կցանկանա, որ ներկայացումը շրջի տարբեր երկրներում, մասնակցի փառատոնների, քանի որ այն որևէ լեզու չի ճանաչում և հասկանալի կլինի բոլորին:

Ներկայացման երկրորդ ռեժիսորը Ժորա Մարտիրոսյանն է, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին:

«Ես անուն չունեմ» թատերական նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։

Լուսանկարները՝ «Արմմոնո» թատերական փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Հայերեն