Մերձավոր Արևելք

Կրեմլում մեկնաբանել են Ասադին ապաստանի տրամադրումը

2 րոպեի ընթերցում

Կրեմլում մեկնաբանել են Ասադին ապաստանի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլը պարտավոր չէ պաշտոնական հայտարարություն տարածել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հնարավոր ապաստան տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կրեմլից պաշտոնական հաղորդագրություն կլինի Ասադին հնարավոր ապաստան տրամադրելու մասին։

«Ոչ, դա բոլորովին պարտադիր չէ, մենք պարտավոր չենք դա անել», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ասել է, որ ինքը մնում է երկրում մի քանի նախարարների հետ, սակայն պաշտպանության նախարարի գտնվելու վայրը հայտնի չէ։ Վարչապետը նաև ասել է, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։

ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։

Կրեմլի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են Սիրիայում Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների և դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում