ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրին Ճամբարակ համայնքի շինհրապարակներում։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարին և մարզպետին ուղեկցում էր Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։
Մշտադիտարկման առաջին կանգառը Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի մուտքի շինհրապարակն էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված 63 միլիոն 622 հազար դրամի հաշվին ընթանում են քաղաք մտնող մուտքի հենապատի հիմնանորոգման և վնասված կամրջի կառուցման աշխատանքները։
Նախարար Դավիթ Խուդաթյանը և մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեցին շինարարարների հետ, արեցին համապատասխան դիտողություններ և առաջարկություններ, համայնքի ղեկավարի հետ քննարկեցին Գարեգին Նժդեհ փողոցի ամբողջական հիմնանորոգման ու այլ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատը և կամուրջը վնասվել են այս տարվա հունիսի վերջին գրանցված հորդառատ տեղումների պատճառով։
Վնասված հենապատը երկաթբերտոնային աշխատանքների տեսքով հիմնանորոգվում է 135 գծամետր երկարությամբ, 1,5-ից մինչև 3 մետր բարձրությամբ, իսկ 14 մետր երկարություն ու 3 մետր լայնություն ունեցող կամուրջը կառուցվում է երկաթբետոնյա խողովակների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտին կհասցվեն 2025 թվականի հունվարին։ 2025 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 85 տոկոսով։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Ձորավանք-ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհի շինհրապարակն էր, որտեղ միջին նորոգման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում ՀՀ պետբյուջեի միջոցներից հատկացված 1 միլիարդ 888 միլիոն դրամի հաշվին։ Ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել 40,6 կիլոմետր երկարությամբ և 290 հազար 630 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 7991 քառակուսի մետր մակերեսով ասֆալտեբոնե շերտ է տեղադրվել մուտքերում և իջատեղերում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերից և դեկտեմբերի 6-ի դրությամբ իրականացվել շուրջ 95 տոկոսով։ Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը միջին նորոգման ենթարկելուց հետո կիրականացվեն գծանշման աշխատանքներ։