Կրթություն

ԿՏԱԿ-ն առաջարկում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի

2 րոպեի ընթերցում

ԿՏԱԿ-ն առաջարկում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի

ԾԱՂԿԱՁՈՐ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկել է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք իրենց երեխաներին դպրոց չեն տանի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ նշելով, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդ է: «Կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության ապահովումը մեկ նախարարության կամ գերատեսչության խնդիրը չէ, այն պետության և բոլորի խնդիրն է: Աշխարհում այս խնդիրը լուծելու նպատակով տարբեր պրակտիկաներ են կիրառում, օրինակ՝ կիրառում են այսպես ասած պատժի մեթոդը: Օրինակ, երբ դու նպաստառու ընտանիք ես, և պետությունը քեզ գումար է տալիս, որպեսզի դու քո ընտանիքի անդամների հիմնական իրավունքները ապահովես, իսկ կրթությունը հիմնարար իրավունք է, այսինքն՝ պետությունը այդ գումարը տրամադրում է նաև, որպեսզի ընտանիքն ապահովի երեխային դպրոց ճանապարհելու կարիքները՝ լուծելով երեխայի սոցիալական խնդիրները: Բայց, երբ ընտանիքը շարունակում է դա չապահովել, երեխան դպրոց չի հաճախում և չի ներգրավվում կրթության մեջ, պետությունը կասեցնում է նպաստը: Հենց երեխան կսկսի մի քանի ամիս շարունակաբար հաճախել դպրոց, ապա պետությունը կվերականգնի ընտանիքի նպաստը»,- նշեց Պողոսյանը: 

ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով՝  առաջարկն ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ վերջին քննարկման ժամանակ այն հավանության է արժանացել և ներառվել է նպաստների նոր համակարգի նախագծում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում