Չաբահարը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայկական ընկերությունների համար․ Էկոնոմիկայի նախարարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Չաբահար նավահանգիստն անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայկական լոգիստիկ ընկերությունների համար՝ դառնալով արտաքին աշխարհի հետ առևտրական կապերի զարգացման ու խորացման կարևորագույն հանգույց Հայաստանի համար։ Այս առումով առանձնակի նշանակություն ուներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հայ գործարարների պատվիրակության նոյեմբերյան աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որի ավարտին ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագրեր։

Դա, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, ճանաչողական այց էր, որի ընթացքում Չաբահար նավահանգստի գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին ու Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության անդամներին ներկայացրել են նավահանգստի կարողությունները, ենթակառուցվածքները և առևտրային հեռանկարները: Հայաստանցի մասնավոր ներդրողները ծանոթացել են նավահանգստում գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։

«ՀՀ կառավարությունը կարևորում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Վերջին շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ։ Այս ացի շրջանակում քննարկվել են հայ-իրանական տնտեսական օրակարգին առնչվող  հարցեր, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև նոր ուղղություններով հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Այցը նաև ճանաչողական նշանակություն ուներ։ Պատահական չէր, որ պատվիրակության կազմում էին հայկական լոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչներ»,- նշեց Հայկազ Նասիբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Չաբահարը մեծ ներուժ ունեցող նավահանգիստ է, որն անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայկական լոգիստիկ ընկերությունների համար։ Հայկական ընկերությունները դեռևս չեն օգտվում այդ նավահանգստից։

Հայկազ Նասիբյանը համարում է, որ Չաբահար նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի ու հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև ծավալված քննարկումը հաջողված էր։

Նախարարության գլխավոր քարտուղարը հայտնեց նաև՝ հանդիպման ավարտին հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև ստորագրվել էին համագործակցության փոխըմբռնման հուշագրեր, որոնք մոտ ապագայում կվերածվեն պայմանագրերի և հայկական ընկերությունները կկարողանան գործունեություն ծավալել Չաբահար նավահանգստում։

Հայերեն English فارسی Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում