Սա ստվերի դեմ պայքար է․ վարչապետը Երևանի տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ դեկտեմբերի 3-ին Երևանում ավտոբուսների վարորդների կողմից կազմակերպված գործադուլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն ակնհայտ է համարում, որ տրանսպորտի ոլորտում եղել է ստվեր։

«Ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար։ Ընդ որում, չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդները այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուն են եղել։ Ոչ, իհարկե, չեն եղել, որովհետև դա եղել է համակարգված մեխանիզմ։ Չգիտեմ, ինչքան պաշտոնյա, ինչքան ոչ պաշտոնյա, ինչքան քրեածին միջավայրից մարդ է ներգրավված եղել այդ ստվերում։ Ակնհայտ է, որ այդ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում սրել իրավիճակը։

Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանը պայքարում է ոչ միայն ստվերի դեմ, այլև տրանսպորտային սպասարկման որակի բարձրացման համար։

«Ինչ վերաբերվում է աշխատանքային իրավունքներին, ապա միանշանակ և աներկբա է. մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանել և զարգացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

Դեկտեմբերի 3-ի առավոտից Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարորդների արարքը որակել էր շանտաժ ու հայտարարել, որ կոմպրոմիսի չեն գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ 

 

 

Հայերեն