ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնել է ԱՄՆ, որպեսզի կապեր հաստատի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը հայտնել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հաստատել է այս տեղեկությունը։
«Այսօր նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը գտնվում է ԱՄՆ-ում և կունենա համապատասխան կարևոր հանդիպումներ։ Գրասենյակի ղեկավարի մակարդակով այս շփումը շատ կարևոր է, այդ թվում, նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է Սիբիհան Բրյուսելում կայացած ճեպազրույցում:
Բացի այդ, Սիբիհան հիշեցրել է, որ վերջերս ինքը ևս եղել է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների և երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության շուրջ։
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն, ամերիկացի ժողովուրդը կշարունակեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը», - ասել է նա։
Սիբիհան նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր մոտեցումներն ու հռետորաբանությունը և ձգտում է «Ուկրաինայի կապիտուլյացիային»։
«Հետևաբար, մենք մեր դաշնակիցների հետ միասին պետք է ամեն ինչ անենք Ռուսաստանին արդար, համապարփակ, կայուն խաղաղություն պարտադրելու համար։ Իսկ այստեղ խոսքը «Խաղաղություն ուժի միջոցով» հայեցակարգի մասին է», - հավելել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Ավելի վաղ Radio NV-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում, մասնավորապես, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն է, մեկնում է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի թիմի հետ բանակցությունների։
Լրատվամիջոցները պատվիրակության կազմում նշել են նաև պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ինչպես նաև Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինայի անունները։
Դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ժամանել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է անցկացնում Եվրոպայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ և մասնակցում է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստին։