ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններով անձանց ստեղծագործական ներուժը։ Հատուկ կարիքներ ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի առաջնահերթություններից է՝ շեշտել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
««Իմ Քայլը» հիմնադրամի առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավումը և հասարակության մեջ նրանց ինտեգրումը։ Դա է պատճառը, որ «Կողք Կողքի» փառատոնի հովանավորներից մեկը «Իմ Քայլը» հիմնադրամն է։ Դեկտեմբերի 3-ը փառատոնի վերջին օրն է և միաժամանակ դեկտեմբերի 3-ը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է և հենց այդ օրն անցկացվում է գալա համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու անվանի երաժիշտների և, իհարկե, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ համատեղ»,- նշել է Թալին Թօփալաքեանը։
Փառատոնի շրջանակումնոյեմբերի 28-ից սկսած անցկացվել է 5 միջոցառում՝ թատերական ու պարային ներկայացումներ, գրականության օր, սեմինարներ ու վարպետության դասեր, գալա համերգ։ Փառատոնն իր գոյության 5 տարիների ընթացքում ճանաչում է ստացել տարածաշրջանում՝ նշել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը։
«Այս տարի փառատոնին մոտ 400 երեխա է մասնակցում տարբեր երկրից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Գերմանիայից։ Նրանք բոլորը ելույթ են ունեցել փառատոնի ընթացքում։ Փառատոնի կարևորությունը և կարգախոսը դա ներառական հասարակություն ու քաղաքակիրթ երկիր ունենալն է»,-ընդգծել է Նաիրա Սարգսյանը։
Փառատոնի շրջանակում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատում են մասնագետներ, կատարելագործում են երեխաների ստեղծագործական կարողությունները, որ նրանք արվեստի տարբեր ճյուղերում հանդես գան ոլորտի ներկայացուցիչների հետ կողք կողքի։
Փառատոնի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում ցուցահանդես-վաճառք է իրականացվել։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է բոլոր տաղավարների մոտով, ծանոթացել հատուկ կարիքներ ունեցող անձանց ձեռքի աշխատանքներին։
«Կողք կողքի» միջազգային 5-րդ ներառական երաժշտական արտ փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հովանու ներքո։ Փառատոնի հովանավորներն են «Իմ Քայլը» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը, «ArLeAM» ընկերությունը: