Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Ռայնետ Քլևերը քննարկել են Հայաստան-Նիդեռլանդներ համագործակցության զարգացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Ռայնետ Քլևերը քննարկել են Հայաստան-Նիդեռլանդներ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիդեռլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներին, ինչն արտացոլվել է նաև Նիդեռլանդների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններն ուղենշող փաստաթղթում։ Ընդգծել է այս ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռայնետ Քլեվերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում