Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ Սիրիայում զարգացումների ֆոնին կապուղիները բաց պահելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ Սիրիայում զարգացումների ֆոնին կապուղիները բաց պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են Ռուսաստանի հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Համատեղ միացյալ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ կապի գծերը բաց պահելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայում մեր ուժերը գործում են աշխարհագրորեն բավական մոտ հեռավորության վրա», - ասել է նա։

Ռայդերը նշել է, որ պատրաստ չէ մանրամասներ հայտնել շփումներից, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը «կապի մեխանիզմ ունեն՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։

«Մենք կշարունակենք շփվել տարածաշրջանում երկրների հետ, մինչ շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը», - հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:

Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում