Աշխարհ

Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրիպտո ձեռներեց Ջասթին Սունը կատարել է խոստումը և կերել իր ձեռք բերած արվեստի գործը՝ կպչուն ժապավենով պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Barron’s պարբերականը հաղորդում է, որ Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սունը տասնյակ լրագրողների և ինֆլուենսերների ներկայությամբ կերել է բանանը՝ մինչ այդ իր ելույթում արվեստի այդ գործն անվանելով «նշանավոր» և զուգահեռներ անցկացնելով կոնցեպտուալ արվեստի և կրիպտոարժույթի միջև:

«Սա շատ ավելի լավն է, քան մյուս բանանները», - ասել է Սունը բանանը կծելուց հետո։

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի ստեղծած կոնցեպտուալ ստեղծագործությունը, որը կրում է «Կատակերգու» անվանումը, վաճառվել էր նոյեմբերի 21-ին Նյու Յորքի Sotheby's աճուրդում։ 

Սունի խոսքով՝ շահելուց հետո առաջին տասը վայրկյանների ընթացքում ինքը չի հավատացել տեղի ունեցածին, որից հետո հասկացել է, որ «սա կարող է մեծ բան դառնալ»: Դրան հաջորդող տասը վայրկյանների ընթացքում նա որոշել է, որ կուտի բանանը։

«Մամուլի ասուլիսի ժամանակ այն ուտելը նույնպես կարող է դառնալ արվեստի գործի պատմության մի մասը», - ասել է նա՝ նոյեմբերի 29-ին ուտելով բանանը։

«Կատակերգու»-ի դեբյուտը կայացել է Մայամի Բիչում 2019 թվականին․ այն լուրջ հակասություններ էր առաջացրել և հարցեր բարձրացրել՝ արդյոք դա պետք է համարվի արվեստի գործ։ 5 տարի առաջ արծաթագույն կպչուն ժապավենով պատին փակցված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում