Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և առկա մարտահրավերների շուրջ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և առկա մարտահրավերների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ԵՄ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ձևաչափերով փոխգործակցության հարցում հետաքրքրությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, դիմակայության ամրապնդման ու կայուն զարգացման նպատակների վրա։

«Մենք տեսնում ենք լայն հնարավորություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ կառուցելու համագործակցության հավակնոտ օրակարգ, որը կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները, ինչպես նաև ԵՄ գործիքները»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և առկա մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Որպես խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ՝ նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա կյանքի կոչման ուղղությամբ ընթացիկ քննարկումներին։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում