Հայաստան

Վահան Կոստանյանը Նունո Սամպայոյին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող քայլերը

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը Նունո Սամպայոյին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։

Երկուստեք ընդգծվել է միջազգային կառույցների շրջանակներում արդեն իսկ առկա փոխգործակցության, ինչպես նաև բազմակողմ հարթակներում անմիջական շփումների էլ ավելի ակտիվացման կարևորությունը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը և իրականացվող քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը, որի շրջանակում Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում