Քաղաքականություն

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

1 րոպեի ընթերցում

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: 

Լեհաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ տպավորված է Հայաստան կատարած այցից ու ձեռքբերված պայմանավորվածություններից: 

«Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին»,- ասել է Լեհաստանի նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում