Միացյալ Նահանգներ

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

3 րոպեի ընթերցում

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում, Կանադայում և Մեքսիկայում արձագանքել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ պաշտոնը ստանձնելուն պես 25% մաքսատուրք կսահմանվի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Թրամփը դա պատճառաբանել է ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն նշում է, որ Չինաստանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ ոչ ոք չի հաղթի առևտրային պատերազմում։ Ըստ հրապարակման՝ Չինաստանի պետական լրատվամիջոցները Թրամփի սպառնալիքը բնութագրել են որպես «անպատասխանատու», իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պեկինը զգալի քայլեր է ձեռնարկել, որպեսզի դադարեցնի անօրինական թմրամիջոցների, այդ թվում՝ ֆենտանիլի հոսքն ԱՄՆ։

«Չինաստանը թմրանյութերի նկատմամբ ամենախիստ և մանրակրկիտ քաղաքականություն ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ Ֆենտանիլն առաջին հերթին խնդիր է Միացյալ Նահանգների համար», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։

Կանադայում ևս արձագանքել են Թրամփի որոշմանը։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգի՝ Օնտարիոյի ղեկավար Դագ Ֆորդը հայտարարել է, որ բոլոր ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքի սահմանումը «կործանարար կլինի աշխատողների և աշխատատեղերի համար թե՛ Կանադայում, թե՛ ԱՄՆ-ում»։

Կանադայի՝ մեծությամբ երկրորդ նահանգի՝ Քվեբեկի ղեկավար Ֆրանսուա Լեգոն հայտարարել է, որ մաքսատուրքը «հսկայական վտանգ է ներկայացնում Քվեբեկի և Կանադայի տնտեսությունների համար»։ Նա հավելել է, որ հարկավոր է անել հնարավոր ամեն բան դրանից խուսափելու համար։ Նմանատիպ հայտարարություններ են արել նաև Բրիտանական Կոլումբիայի և Ալբերտայի նահանգների ղեկավարները։ 

Մեքսիկայի Սենատի ղեկավարն իր հերթին սոցցանցերում հարց է ուղղել, թե ինչ մաքսատուրքեր պետք է Մեքսիկան սահմանի ԱՄՆ-ի նկատմամբ, որպեսզի այդ երկրում դադարեն թմրանյութերի օգտագործումը։ Մեքսիկայի ֆինանսների նախարարն էլ զգուշացրել է, որ մեքսիկական ապրանքների նկատմամբ ցանկացած մաքսատուրք պատասխան մաքսատուրքերի սահմանման պատճառ կարող է դառնալ։

Թրամփը հայտարարել էր նաև, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել թմրամիջոցների, մասնավորապես՝ ֆենտանիլի ներմուծումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև անօրինական միգրանտների հոսքը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում