ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով քննարկումներին, թե Պողոսյանի անունը կապվում է հնարավոր կոռուպցիոն գործերի հետ՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականին Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի ղեկավար: Եվ այդ նույն ահազանգերը վարչապետն այն ժամանակ ևս ստացել է:
«Շատ խորը ուսումնասիրություն է իրականացվել: Եվ այդ ահազանգերը, որոնք այսօր էլ հրապարակային վերակենդանացրել են, հիմնավոր կերպով հերքվել են: Հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ: Եվ այդ ահազանգերը նորից վերակենդանացել են, և դրանք ևս մեկ անգամ ստուգվել ու հերքվել են»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատել է՝ այդ ահազանգերը հիմա ևս հրապարակային կերպով կան, ուստի դրանք ևս մեկ անգամ կստուգվեն: Նա բարձր համարեց հավանականությունը, որ դրանք այս անգամ ևս կհերքվեն, և Պողոսյանին Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրելու իր մտադրությունը կդառնա իրականություն:
Փաշինյանը նաև հայտնեց, որ ունի ՊԵԿ նախագահի թեկնածուներ, առաջիկա օրերին նրանց հետ առավել մանրամասն կշփվի, քննարկում կունենա և որոշում կկայացնի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից: Որոշ պաշտոններում նոր նշանակումներ արդեն արվել են: