Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո -Վինթերին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ 

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև փախստականների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը։ 

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս ոլորտներն իր համար առաջնահերթություն են, և իրականացվող բոլոր ծրագրերը միտված են առկա կարծրատիպերը կոտրելուն, մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ձևավորելուն։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման, ընտանեկան բռնության, երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բռնության ցանկացած տեսակից զերծ պահելու, հավաքների և խոսքի ազատության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը։ 

Նշվում է, որ դեսպան Մարիկե Մոնրո -Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում