Մարզեր

Լճաշենի միջնակարգ դպրոցում անցկացվեց «Արվեստի օրեր դպրոցում» կրթամշակութային միջոցառումների ծրագիր

5 րոպեի ընթերցում

Լճաշենի միջնակարգ դպրոցում անցկացվեց «Արվեստի օրեր դպրոցում» կրթամշակութային միջոցառումների  ծրագիր

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղի Ա․ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված Մշակութային կրթության տարվա շրջանակներում մշակվել և անցկացվել է  կրթամշակութային միջոցառումների ծրագիր՝ «Արվեստի օրեր դպրոցում» խորագրով:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի Ա․ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, դպրոցի տնօրինության, առարկայական մեթոդական միավորումների, 1-4-րդ դասարանների դասվարների, դասղեկների, աշակերտական խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբեր ամսվա 3-րդ շաբաթում իրականացվել են  կրթամշակութային բազմաբնույթ ու բովանդակալից միջոցառումներ, ձեռքի և նկարչական աշխատանքների ցուցահանդեսների բացում՝ 1-4-րդ դասարաններում՝ «Արվեստն իմ կյանքում» խորագրով, 5-11-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ՝ «Հայաստանը ես եմ» խորագրով: Դպրոցի «Տիկնիկային թատրոն» ուսումնական խմբակը 1-4-րդ դասարանների սովորողների համար բեմականացրել է  Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը, կազմակերպվել են  հայկական ժողովրդական երգերի ու պարերի նորովի կատարումներ: 

Աբոնեմենտային ծրագրի շրջանակներում 7-րդ դասարանի աշակերտներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դասը վարել է  դասղեկ Մ. Միլիտոնյանը, ով սովորողներին ներկայացրել է  Վանի թագավորության ժամանակաշրջանի, մեզ հասած ուրարտական սեպագիր տեքստերի,  պատմական Լճաշենից հայտնաբերված հարուստ գտածոների, բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի մասին։  «Սինեմա Սթար» կինոթատրոնում աշակեևտները դիտել են  «Մեդալի հակառակ կողմը» կինոֆիլմը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ « Ուշ լինի, նուշ լինի» հետաքրքիր ներկայացումը:

9-րդ դասարանի աշակերտներն այցելել են  Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարան, ստացել  նոր գիտելիքներ Մեծ Լուսավորչի կյանքի ու ստեղծագործության դրվագների մասին, այցելել  Պատանի հանդիսատեսի թատրոն, դիտել Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումը:

12-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիա են  մեկնեցին Դիլիջան քաղաքի Երկրագիտական թանգարան-պատկերասրահ, Գոշավանք, Հաղարծին վանական համալիրներ: 

«Արվեստ և արհեստ» առարկայի ուսուցչուհի Ամալյա Սարիբեկյանի նախաձեռնությամբ, 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, իրականացվել է  կրթամշակութային յուրօրինակ նախագիծ՝ «Լույսի վարպետը» խորագրով՝ նվիրված գեղանկարի մեծ հսկա, նկարիչ Մարտիրոս Սարյանի անգնահատելի արվեստին, արվեստ, որը հայի դեմքն է ու Հայաստան աշխարհի այցեքարտը: 

«Արվեստն իմ կյանքում» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել և գեղեցիկ տպավորություններով կիսվել «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի առաջնորդության զարգացման ղեկավար Հակոբ Վարոսյանը:

Ուսումնական տարվա ավարտին կշարունակվեն սովորողների այցելությունները Հայաստանի պատմության թանգարան, Մ. Սարյանի, Հովհ. Թումանյանի անվան թանգարաններ, Կոմիտասի անվան պանթեոն, թատրոններ և համերգասրահներ:

«Դպրոցում մշակութային կրթությունն արդյունավետ իրականացնելով՝ սովորողները ճանաչեցին իրենց հայրենիքը, ներկայացրին ուշագրավ տեղեկություններ Հայաստանի պատմության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների մասին, դրսևորեցին մշակութային ընկալման ու արժևորման կարողություններ՝ արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտելով սեփական գաղափարներն ու հույզերը՝ ցուցաբերելով մշակութային իմացություն և դրա հետ մշտապես, ողջ կյանքում հաղորդակցվելու ձգտում և կարևորեցին իրենց՝ հայկական պատմամշակութային արժեքների ժառանգորդ և պատասխանատու լինելը դրանց պահպանման, զարգացման և տարածման գործում: Այս ամենը դարձավ կրթության մաս, դպրոցն աշխատեց համագործակցել մշակութային հաստատությունների հետ»,-ներկայացրեց Աիդա Մուրադյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում