Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի ներկայացուցիչների հետ քննարկել է առողջապահության ոլորտում առաջիկա ծրագրերի ընթացքը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի  ներկայացուցիչների հետ քննարկել է առողջապահության ոլորտում առաջիկա ծրագրերի ընթացքը

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության փոխնախագահ Բեռնար Զենատտիին և ծրագրերի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ստորագրված համագործակության պայմանագրի շրջանակներում առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները։ 

Նոյեմբերի 19-ին Իզերի դեպարտամենտի առողջապահության ոլորտի պատասխանատուները մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի և մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց են կատարել համագործակցության շրջանակներում արդեն իսկ վերանորոգված և վերազինված Գանձակի ԱԱՊԿ, Ծովինարի և Կարմիրգյուղի բուժամբուլատորիաներ և գոհ ու տպավորված մնացել իրականացված աշխատանքներից։ 

Աշխատանքային խումբն այցեցել է նաև Վերին Գետաշենի բուժամբուլատորիա, որի շենքը, ըստ 2024 թվականի նոյեմբերի 5-ից 9-ի մարզպետի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, կհիմնանորոգվի Ֆրանսիական կողմի միջոցներով, շուրջ 21 միլիոն դրամի շրջանակներում։ 

Մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն եկող շաբաթից, բուժհաստատության միջոցների հաշվին, նկատված ջրի արտաքին հոսքը բացառելու նպատակով, որից հետո արդեն կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները։ 

Այնուհետ կողմերը քննարկել են Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում 2025 թվականի համագործակցության ծրագրով նախատեսված առաջնահերթ անելիքները։ 

Հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Բեռնար Զենատտին և Ժան-Կլոդ Ռոսսեն այցելել են  Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն, ուր նախատեսված է Գեղարքունիք-Իզեր համագործակության շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել 2025 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում