ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են լուսավորության արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի լուսավորության արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 262 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է լուսավորության արտաքին ցանցի կառուցում Ծովինարի 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք փողոցներում, 3040 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 118 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և նոյեմբերի 21-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Առսարքտեխ» և «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ները։