ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) և Արտաքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից ընդունված բանաձևը և այն անվանելով «քաղաքական դրդապատճառներ ունեցող, անիրատեսական և հակաարդյունավետ քայլ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններն ավելի վաղ տարբեր մակարդակներում հայտարարել են, որ (Իրանի դեմ) ցանկացած հակամիջոցի ընդունումը և ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի օգտագործումը ոչ լեգիտիմ քաղաքական նպատակներ առաջ տանելու համար կբախվի Իրանի պատասխանին: Իրանի հնարավոր պատասխանի բնույթն ավելի վաղ ներկայացվել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի ուշադրությանը…. Դրա հիման վրա Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը կարգադրել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ գործարկել զգալի քանակությամբ նոր առաջադեմ տարբեր տեսակի ցենտրիֆուգներ»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով քննադատում է Իրանին միջուկային խնդրի շուրջ համագործակցության բացակայության համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստը հավանության է արժանացել 35 երկրից 19-ի կողմից։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել։ Բանաձևն ԱԷՄԳ-ից պահանջում է մինչև 2025 թ. գարուն «համապարփակ» զեկույց պատրաստել Իրանի վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իրանական կողմը վճռական պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱԷՄԳ-ն ոչ կառուցողական որոշում կայացնի՝ բանաձև ընդունելով Թեհրանի և նրա միջուկային ծրագրի դեմ։