ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի նոր թաղամասում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են գազատարի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 261 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Զոլաքարի 4-րդ փողոցում գազատարի կառուցում, 1013 մետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերից և նոյեմբերի 20-ի դրությամբ իրականացվել շուրջ 30 տոկոսով։
Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Շինաշխատանքներն իրականացնում է «Նանասե» ՍՊԸ-ն։
Ծրագրի իրականացման արդյունքում Զոլաքարի նորաստեղծ թաղամասի տնտեսությունները կապահովվեն բնական գազով։