ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն ավարտական փուլում են գտնվում խմելու ջրատարի արտաքին ցանցի և ջրահավաք 1 ավազանի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Երանոսի խմելու ջրատարի արտաքին ցանցի և ջրահավաք ավազանի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 407 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Երանոսի «Շողան աղբյուր» տարածքում ջրահավաք ավազանի և նրանից սնվող 1900 մետր երկարության ջրատարի կառուցում ու միացում գյուղը սնուցող ներքին ցանցին։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերի կեսերից և նոյեմբերի 20-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում Երանոս գյուղին մատակարարվող խմելու ջրի հզորությունն ավելանալու է շուրջ 7 լիտր վայրկյանով։ Ծրագրի շահառու են հանդիսանում Երանոս գյուղի բոլոր տնտեսությունները։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ն։